«Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթուղթը՝ անկախ լուսաբանումից եւ անկախ իր լայն թիրախներից, դեռեւս զուտ կաբինետային փաստաթուղթ է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը», որի անդամներն են ԱԺ նախկին պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը: 

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հասարակությունը շարունակում է ապրել նույն իրականության մեջ, որտեղ բեւեռացումը փոքրաթիվ ունեւորների եւ չքավոր եւ մերձչքավոր շերտերի միջեւ ուղղակի սահմռկեցուցիչ է։

Հայաստանում ոչ թե մինչեւ 2030 թվականը, այլ շատ ավելի կարճաժամկետ փուլում, անհրաժեշտ է սոցիալական լարվածության թուլացում, կոնկրետ շերտերի համար սոցիալական եւ հանրային ծրագրերի իրականացում։

Չի կարող 21-դարում, Հայաստանում լինել երեխա, որ դպրոց չհաճախի շորի, կոշիկի, կամ գրենական պիտույքի բացակայության պատճառով։ Չի կարող լինել կիսաքաղց աշակերտ։ Չի կարող լինել երեխայի համար դեղի կամ բուժման խնդիր։ Չի կարող լինել միայնակ, անօգնական տարեց։ Չի կարող լինել անմարդակային չքավորության մեջ ապրող ընտանիք, որտեղ երեխաները մեծանում են առնետների ընկերակցությամբ եւ այլն, եւ այլն։ Չպետք է լինի։

Եթե աշխատի խողովակը՝ խնդրի բարձրացման, ձեւակերպման եւ իշխանության օղակների միջեւ, ապա շատ հարցեր կարելի է լուծել եւ լուծման ռեսուրսները կարելի է գտնել։ Այս պնդման լավագույն ապացույցն է այն, որ, անկախ բոլոր դժվարություններից, մեր նորագույն պատմության ընթացքում, երկրում իրականացվել են մի շարք հետաքրքիր ու կարեւոր սոցիալական ծրագրեր։

Սա նշանակում է, որ հարցի ճիշտ ձեւակերպման եւ ապագա կառավարության ճիշտ արձագանքի դեպքում շատ այլ, անլուծելի խնդիրներ, կարող են ստանալ իրենց լուծումը»:

«Այլընտրանքային նախագծեր խմբի» պատրաստած հոլովակում մատնանշվում են վերջին տարիներին Հայաստանում գործարկված արդյունավետ հանրային նախագծերը: