Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն այսօր՝ ապրիլի 9-ին, մասնակցել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ԱԺ հատուկ նիստին, որտեղ տեղի է ունեցել ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը:

Նա նիստից հետո հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, արագ նստեց մեքենան ու հեռացավ:

Հատկանշական է, որ երդմնակալության արարողությանը չէին մասնակցում ՀԺԿ-ի հետ գրեթե մշտապես համագործակցող Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, այդ թվում Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հայաստանի առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանն այս առնչությամբ նշել է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը, բնականաբար, չի մասնակցել այդ արարողությանը», սակայն չի նշել դրա պատճառները»:

Հիշեցնենք, որ նախքան ՀՀ նախագահի ընտրությունը Արմեն Սարգսյանը հանդիպումների շարք էր սկսել տարբեր քաղաքական ուժերի հետ, այդ թվում հանդիպել էր ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ հատուկ նիստում տեղի է ունեցել ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Այսօր ավարտվում է ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի լիազորությունների երկրորդ ժամկետը եւ Հայաստանն ամբողջությամբ անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ թիվ մեկ պաշտոնյան լինելու է վարչապետը: Կառավարությունն այսօր հրաժարական կտա, որը ՀՀ նախագահն անհապաղ կընդունի:

Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում (ապրիլի 9-16-ը), ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ, իսկ վարչապետի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում:

Վարչապետն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ։