Ապրիլի 9-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպաններին, ովքեր Երեւանում են ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով։
Ողջունելով դեսպաններին` Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի համար այս կարեւոր իրադարձությանը ներկա գտնվելու համար։
Հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի սահմանադրական փոփոխությունները եւ կառավարման նոր համակարգը, երկրում ընթացող բարեփոխումները:
Քննարկվեցին Եվրասիական միության շրջանակներում համագործակցության արդյունքները, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները։
ԱԳՆ ղեկավարն անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին եւ ուղղություններին, ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը:
Դեսպանների հետ հանդիպմանը արծարծվեցին մերձավորարեւելյան տարածաշրջանի զարգացումները, առկա խնդիրների կարգավորման ուղիները եւ փախստականների շուրջ ստեղծված իրավիճակը եւ նրանց խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերրը:
Հանդիպման օրակարգում էր նաեւ հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի եւ դրա շրջանակներում անցկացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:











