«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը վիրավորվել է իր գործընկերներ Արարատ Միրզոյանի եւ Լենա Նազարյանի ակցիայից, քանի որ «Ելք» խմբակցությանը նախապես չեն տեղեկացրել այդ մասին:
Այսօր՝ ապրիլի 11-ին խորհրդարանում Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Միրզոյանի եւ Նազարյանի պահվածքն առնվազն գործընկերային չէր: Նա հրաժարվեց գնահատական տալ ակցիային՝ նշելով, որ այդ մասին կխոսի ապրիլի 17-ից հետո:
Նշենք, որ քիչ առաջ խորհրդարանի նիստերի դահլիճում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող ակցիաներին միանալու կոչ անելուց հետո գրպանից հանել է ծուխ արձակող պարագա (ֆայեր) եւ վառել: Նրան է միացել նույն կուսակցության ներկայացուցիչ՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, որը եւս երկու ֆայերով մոտեցել է ամբիոնին:











