«Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Արարատ Միրզոյանի եւ Լենա Նազարյանի կազմակերպած գունավոր ծխով ակցիային ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վատ չի վերաբերում: Լրագրողների հետ զրույցում նա ասաց՝ ինչը օրենքով արգելված չէ, ընդունելի է:

«Եթե առողջության համար վտանգավոր նյութեր չեն, ուրեմն նորմալ է: Եթե օրենքը չի սահմանափակում որեւէ քաղաքական ակցիա, նորմալ է»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:

Նա հավելեց, որ անկախ ամեն ինչից՝ իրենց դաշինքը նման ակցիաներ չի անի, փոխարենը լուրջ գործով է զբաղված:

Նշենք, որ Արարատ Զուրաբյանն էլ լրագրողներին ասել է, որ իրենց ակցիայի ժամանակ օգտագործած գունավոր ծուխն անվտանգ է առողջության համար:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 11-ին ԱԺ նիստերի դահլիճում Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը դահլիճը գունավոր ծխով լցրեցին: Միրզոյանը հայտարարեց. «ՀՀ ազատ քաղաքացիներ, եկել է պահը, երբ մենք կարող ենք խախտել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով իշխանավարումը, վերջ տալ ՀՀԿ իշխանությանը եւ կերտել մեր երազանքների Հայաստանը: Դրա համար անհրաժեշտ է, որ ապրիլի 13-ին ժամը 18:30-ին գաք Ազատության հրապարակ, որտեղ մենք միասին կվառենք մեր ազատության ջահը»:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չարձագանքեց ակցիային, միայն վերջում հայտարարեց. «Ոնց որ շոուն չստացվեց: Թող հանրությունը որոշի, թե ով ինչով է զբաղված պառլամենտում»: