«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ով իր աջակիցների հետ գտնվում է Հանրային ռադիոյի շենքում, բանակցում է ուղիղ եթեր մտնելու համար (ֆոտոռեպորտաժ):

Նա զանգահարեց Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանին եւ ասաց, որ իրենք հիմա ռադիոյի շենքում են. «Մենք սրանով մեր բողոքն ենք արտահայտում, որ Հանրային հեռուստաընկերությունը, մասամբ նաեւ Հանրային ռադիոն, բոյկոտում է մեր գործողությունները: Ես խնդրում եմ ինձ ուղիղ եթեր տալ, որ դիմեմ ՀՀ քաղաքացիներին»:

Այնուհետեւ Փաշինյանին մոտեցավ Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը՝ ասելով. «Քանի որ մենք որեւէ մեկին երբեւէ չենք զրկել կարծիք արտահայտելու հնարավորությունի, եկեք անենք նույն կերպ: Քանի որ Հանրային ռադիոն ունի իր ցանցը, որը չի կարող խախտել, որովհետեւ ունենք մեր բնականոն աշխատանքը, ես առաջարկում եմ ժամը 19-ին՝ քաղաքական ծրագրի ժամին, ուղիղ եթեր տրամադրել Ձեզ, որտեղ կլինի նաեւ հաղորդավար»,-ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ ինքն ուղիղ եթեր է ուզում հենց այս պահին, ոչ թե ժամը 19-ին եւ պետք է մենակ լինի, ոչ թե հաղորդավարով. «Ես չեմ եկել հարցազրույց տալու, ես եկել եմ ուղերձով դիմելու»:

Ներկաները վանկարկում էին՝ «Հիմա՛», «Ուղիղ եթեր»:

Ի վերջո, Փաշինյանը որոշեց, որ ակցիային ներկա լրագրողների միջոցով ուղիղ եթերով ուղերձով կդիմի ժողովրդին:

Նշենք, որ այդ ընթացքում Հանրային ռադիոյի շենքում էլեկտրականությունն անջատվեց: