Իշխանությունը պարտավոր է դրսեւորել հանդուրժողականություն, զսպվածություն։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, նիստում ՀՀԿ ԳՄ անդամները ներկայացրել են իրենց կարծիքը։ «Իշխանությունը պարտավոր է դրսեւորել հանդուրժողականություն, զսպվածություն։ Մենք հարգում ենք մեր քաղաքացիների ազատ երթեր անցկացնելու իրավունքը։ Սա սահմանադրական նորմ է»,- ասել է նա եւ հավելել. «Միեւնույն ժամանակ կարծում ենք, որ երթի կազմակերպիչները պարտավոր են ավելի մեծ ուշադրություն դարձնել ցույցի օրինական ընթացքի շարունակմանը։ Դժբախտաբար եղել են դեպքեր, երբ խախտումներ են գրանցվել»։

ՀՀԿ-ում իրավապահների աշխատանքը դրական եւ զուսպ են գնահատում։ «Լուծումը տեսնում ենք երկխոսության մեջ։ Մաքսիմալիստական, մերժողական ճանապարհները լուծում չեն»,- ասել է Շարմազանովը։ Նա խստագույնս դատապարտել է  լրատվամիջոցների մասնագիտական գործունեության խոչընդոտները։

Հարցին, քննարկվել է արդյոք սցենար, որ Սերժ Սարգսյանը ստիպված լինի հեռանալ, Շարմազանովը նշել է, թե նման օրակարգ չի քննարկել։ «Քաղաքական մեծամասնությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պատրաստ է լսել մեր ընդդիմադիրների գնահատականները»,- ասել է նա։ ՀՀԿ խոսնակը նկատել է, որ հանրահավաքները կարող են ազդել երկրի տնտեսական վիճակի վրա։

Իշխանությունն ունի լսելու ունակություն»,- այսկերպ է մեկնաբանել Շարմազանովը՝ սեփականության իրավունքով իրեն հանձնված  առանձնատնից հրաժարվելու Սերժ Սարգսյանի որոշումը։