Բրիտանական դատարանը ավտոսիրողին 18 ամսով իրավունքից զրկել է այն պատճառով, որ միացրել է իր Tesla մեքենայի ավտոպիլոտը, կառավարումն ամբողջությամբ նրան վստահել եւ երթեւեկությունն իրականացրել ուղեւորի նստատեղին նստած: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ 39-ամյա Բեւիշ Փատելը երթեւեկել է Նոթինգեմ քաղաքում: Կողքից ընթացող վարորդը սա տեսանկարել եւ համացանցում է  տեղադրել հոլովակ, որում Փատենը ձեռքերը գլխի հետում դրած՝ նստած է ուղեւորի առջեւի նստատեղին եւ ընթանում է մոտ 60 կմ/ժամ արագությամբ: Իրավապահներն այս տեսարանի վրա ուշադրություն են դարձրել, երբ հոլովակը համացանցում հանրաճանաչ է դարձել:

«Նա ոչ միայն վտանգի է ենթարկել սեփական կյանքը, այլեւ այլ մարդկանց կյանքը, որոնք այդ օրը ճանապարհով երթեւեկում էին»,- ասել է քննիչ Քիրք Քելդիքաթը, որը զբաղվել է այս գործի վարույթով: «Հույս ունեմ, որ Փատելը կօգտվի այս որոշումից եւ կմտածի, թե ինչը դրդեց նման որոշում ընդունել»,- հավելել է նա:

Իրավունքից զրկելուց բացի, դատարանը Փատելին դատապարտել 100-ժամյա հասարակական աշխատանքների, 10-օրյա ուղղիչ դասընթացի եւ 1800 ֆունտ սթերլինգ տուգանքի (2500 դոլար): Իրավախախտը խոստովանել է, որ հիմարություն է արել, սակայն հայտարարել է, որ ավտոմեքենան իրեն հրաշալի է պահել, եւ իր բախտը պարզապես բերել է, որ չի բռնվել: