Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն այս օրերին այցով Ավստրալիայում է, դատապարտել է անկարգությունների մասնակիցներին, որոնք երեքշաբթի պղտորել են Փարիզում անցկացված մայիսմեկյան ցույցերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մայիսի 1-ը աշխատավորների տոնն է, այլ ոչ թե անկարգություններ հրահրողների»,- հիշեցրել է Մակրոնը չորեքշաբթի Սիդնեյում Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Ես վճռականորեն դատապարտում եմ այն, ինչ տեղի է ունեցել, սակայն այլեւս ոչինչ չեմ մեկնաբանի ինձ հյուրընկալած Ավստրալիայի հանդեպ հարգանքից դրդված, որտեղ այս օրերին գտնվում եմ»,- նշել է նա:

Ինչպես երւեքշաբթի երեկոյան հայտնել էր Փարիզի ոստիկանապետ Միշել Դելպեշը, իրավապահները ձերբակալել են անկարգություններին մասնակցած մոտ 40 մարդու, որոնք ծավալվել էին Փարիզի  13-րդ շրջանում, երբ խաղաղ ցուցարարների շարասյանն է միացել ամբողջոթյամբ սեւ հագած եւ դիմակավոր 1,2 հազար մարդ:

Ցուցարարները հարձակվել են McDonald's ցանցի ռեստորանի վրա, կոտրել պատուհանները, այրել ճանապարհին հանդիպած աղբամանները եւ մեքենաները: Նրանք ավերել են նաեւ Renault ավտոմեքենաների սպասարկման կայանը եւ ավտոդպրոցը՝ շենք նետելով Մոլոտովի կոկտեյլներ: Ոստիկանությունը ստիպված էր իրավախախտների դեմ արցունքաբեր գազ եւ ջրցան կիրառել:

Փարիզում մայիսմեկյան ցույցը ոստիկանության հետ բախումների է վերածվել