Ես հայտնեցի իմ քվեարկության պատճառները, այդ թվում իմ հայտարարությամբ, դեռեւս այդ պատճառների փոփոխության հիմք չեմ տեսնում: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանը պատասխանեց NEWS.am-ի հարցին, թե ինչպես է քվեարկելու մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանը:
«Երբ որ ժամանակը կգա, դուք ինքներդ կտեսնեք, բայց ես հայտնեցի իմ քվեարկության պատճառները, այդ թվում իմ հայտարարությամբ, ասել եմ եւ դեռեւս այդ պատճառների փոփոխության հիմք չեմ տեսնում»,- նշեց նա:
Կոստանյանը հավելեց, որ իր նախկինում արված հայտարարությունը մայիսի 1-ի ընտրությանն էր վերաբերում. «Ես ասացի, որ բացառում եմ, որ խմբակցությունը կողմ քվեարկի եւ ինչպես տեսնում եք ամսի 1-ին այդպես էլ եղավ, բացառությամբ խմբակցության մեկ ներկայացուցչի, որը կողմ քվեարկեց: Այդ հայտարարությունը մայիսի 8-ի քվեարկության հետ կապված ընդհանրապես առնչություն չունի, որովհետեւ այդ հայտարարությունը վերաբերում էր ամսի 1-ի քվեարկությանը, չէր կարող վերաբերել ընդմիշտ քվեարկությանը: Երկրորդը՝ խմբակցությունը քննարկեց եւ արդեն 8-ի քվեարկության հետ կապված իր դիրքորոշումը հայտնեց, հիմա դուք ինչ եք ուզում, որ ես ասեմ»:
Նշենք, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանը պատգամավորների ձայների մեկ երրորդի կողմից թեկնածու է առաջադրվել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: ՀՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որ իրենք թեկնածու չեն առաջադրի, կաջակցեն, որ մեկ երրորդի առաջադրած թեկնածուն դառնա վարչապետ:











