Այն պաշտոնյան, որը կոռուպցիոն որոշումներ է կայացնում՝ պետք է սպասի իրավապահ մարմինների արագ արձագանքին: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, ոստիկանությունում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկանության ղեկավար կազմին եւ կոլեգիայի անդամներին ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանին ներկայացնելու ժամանակ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած այն աշխատանքների համար, որոնք բխել են Հայաստանի Հանրապետության հանրային անվտանգության, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության շահերից:

«Ուզում եմ ձեւակերպել այն խնդիրները, որը ես դնում եմ ՀՀ ոստիկանության առաջ. առաջինն, իհարկե, իրավակարգի եւ օրինականության ամբողջական եւ անվերապահ պահպանումն է, երկրորդը՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպանությունը: Այս խնդիրների մեջ ես ուզում եմ առանձնացնել մի քանի ենթախնդիրներ. առաջինը՝ Հայաստանի Հանրապետությունում քրեածին ակտիվությունը պետք է հասնի աննախադեպ ցածր մակարդակի, հաջորդը՝ մենք բոլորս պետք է դուրս գանք քաղաքացիներին անընդհատ եւ հնարավոր բոլոր առիթներով տուգանելու գործելակերպից, որովհետեւ նման գործելակերպով մենք, իմ կարծիքով, խաթարում ենք մթնոլորտն երկրում: Պարոն Օսիպյան, անհրաժեշտ է շատ արագ հասկանալ, թե ինչ որոշումներ պետք է կայացնենք, որպեսզի այս խնդիրը հնարավոր լինի երաշխավորել նաեւ դե յուրե», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պատժելու քաղաքականությունը պետք է փոխարինել կանխարգելելու արդյունավետ քաղաքականության, որը չպետք է ընկալվի որպես չնկատելու քաղաքականություն:

Վարչապետն ավելացրել է, որ ոստիկանությունը Երեւանի քաղաքապետարանի հետ պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկի քաղաքացիներին խցանումներից, անհարմարություններից զերծ պահելու համար:

«Հաջորդ ուղղությունը, որ ցանկանում եմ մատնանշել՝ դա կոռուպցիայի դեմ պայքարն է: Հայաստանի Հանրապետությունում առաջինն ոստիկանական համակարգում պետք է բացառվի որեւէ կարգի կոռուպցիա եւ այստեղ մենք կարող ենք չնկատելու քաղաքականությունը փոխարինել պատժելու քաղաքականությամբ: ՀՀ-ում կոռուպցիան պետք է ընդհանրապես արմատախիլ արվի:

Այն, ինչ վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքական առումով տեղի ունեցավ ՀՀ-ում՝ շատերը գնահատում էին որպես անհնար մի բան: Հետեւաբար, եթե մենք սկսել ենք իրականություն դարձնել անհնարինը, ուրեմն պետք է նույն տեմպով շարունակենք նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը, եւ ես ակնկալում եմ, որ ՀՀ-ում այլեւս չի լինի լուր այն մասին, որ ճանապարհային որեւէ տեսուչ կաշառք է վերցնում: Այն պաշտոնյան՝ ոստիկանության, թե որեւէ այլ ոլորտի, որը կաշառք է վերցնում, կոռուպցիոն որոշումներ է կայացնում, պետք է սպասի իրավապահ մարմինների շատ արագ արձագանքին: Այդպիսի խնդիր ձեւակերպել եմ նաեւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առջեւ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետական մարմինների ամենակարեւոր գործառույթը հետեւյալն է. առավել հարմարավետ դարձնել քաղաքացիների կյանքը, Հայաստանում ապահովել սիրո եւ համերաշխության մթնոլորտ:

«Ըստ էության, ստացվել է այնպես, որ նաեւ քաղաքական իրադարձությունների բերումով քաղաքացիները, հատկապես ընդդիմադիր տրամադրված քաղաքացիները եւ ոստիկանությունն երբեմն եղել են գծի տարբեր կողմերում: Ակնկալում եմ, որ մենք այդ գծերը կջնջենք, մանավանդ, որ վերջին մեկ ամսվա քաղաքական իրադարձությունների ժամանակ այդ գծերը սկսել էին ջնջվել, եւ ես ցանկանում եմ ոստիկանությանը հատուկ շնորհակալություն հայտնել վերջին մեկ ամսվա իրադարձությունների ընթացքում, առավել եւս վերջին 10-15 օրվա ընթացքում, հնարավոր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմանների բերումով մաքսիմալ զսպվածություն ցուցաբերելու համար»,- նշել է վարչապետը:

Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար եւ կարեւորել ոստիկանության համակարգում բարեփոխումների շարունակությունը: Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել Վալերի Օսիպյանի մասնագիտական կարողությունները եւ մաղթել նրան արդյունավետ աշխատանք:

Իր հերթին, Վալերի Օսիպյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին մեծ վստահության համար եւ համոզմունք հայտնել, որ այն խնդիրները, որոնք դրվել են ոստիկանության առջեւ ՝ բարձր մակարդակով կիրականացվեն: