ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի համար անակնկալ է եղել Վալերի Օսիպյանի նշանակումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնում: Այս մասին նա նշեց այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Ոստիկանության համակարգում բազմաթիվ արժանավոր աշխատողներ կան եւ կարծում եմ՝ անկախ քաղաքական իրավիճակի փոփոխությունից, ոստիկանությունը պետք է շարունակի իր առաքելությունը»,-ասաց Նահապետյանը:
Հարցին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ընդունելի՞ է ՀՀԿ-ի համար, Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ շատ վաղ է այդ մասին խոսելը. «Առաջիկայում, երբ կառավարության ծրագիրը ներկայացվի, լինեն համապատասխան քննարկումներ, կկայացվի որոշում»:
Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքում փոփոխություններին, մասնավորապես, ռեյտինգքային ընտրակարգը հանելուն, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ դրա մասին եւս վաղ է խոսելը, քանի որ չկա ներկայացված որեւէ նախաձեռնություն. «Երբ կլինի կոնկրետ փաստաթուղթ, առարկայական կքննարկենք, կլինեն համապատասխան որոշումներ»:











