Թբիլիսիում ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ինքնաբուխ ցույցի տասնյակ մասնակիցների, որը սկսվել է շաբաթ գիշերը գիշերային ակումբներում երկրի ՆԳՆ-ի սկսած հատուկ գործողությունից հետո, հայտնում է Interpressnews-ը:
Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ Թբիլիսիի «Բասիանի» եւ «Գալերի» գիշերային ակումբներում ձերբակալվել է 8 թմրավաճառ: Գերատեսչությունից նշել են, որ թմրավաճառներին հետեւել են վերջին 3 ամիսներին:
Սակայն գիշերային ակումբներում հատուկ գործողությունը հարուցել է հաստատությունների տերերի եւ մի շարք հասարակական ու քաղաքական կազմակերպությունների բողոքը, որոնք հանդես են գալիս երկրում թմրաքաղաքականությունը մեղմելու օգտին: Նրանք բողոքի ցույց են կազմակերպել խորհրդարանի շենքի առջեւ:
Լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի են ունեցել մի քանի բախումներ, որի հետեւանքով տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել: Ձերբակալվածների թվում է ընդդիմադիր «Նոր քաղաքական կենտրոն - Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն:
Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան լրագրողներին ասել է, որ շաբաթ գիշերը 8 մարդ ձերբակալվել է քրեական կարգով, 20-ը՝ վարչական: «Սպիտակ աղմուկ» հասարակական շարժման ներկայացուցիչներն, իրենց հերթին, լրագրողներին ասել են, որ գիշերային ակումբներում հատուկ գործողության եւ բողոքի ցույցերի ժամանակ մոտ 60 մարդ է ձերբակալվել:
Շարժման ներկայացուցիչները նշել են, որ շաբաթ մտադիր են մեծ ցույց անցկացնել Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում:
Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հայտնում է, որ իր տեղեկություններով՝ ձերբակալվել է ինքնաբուխ ակցիայի մոտ 70 մասնակից: Նշել է նաեւ, որ իրավապահ մարմինները Թբիլիսիում 5 գիշերային ակումբ են փակել:
Վրաստանի ՆԳՆ-ն խոստացել է առաջիկայում հատուկ ճեպազրույց կազմակերպել եւ պարզաբանել անցկացված գործողությունը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին անհայտ նոր թմրամիջոցից մարդկանց մահվան դեպքերի մասին: Լրատվամիջոցները չեն բացառել, որ այս փաստերն են դարձել գիշերային ակումբներում հատուկ գործողության իրականացման պատճառը:











