«Հիմնադիր խորհրդարանը» ամեն կերպ կաջակցի հեղափոխությանը եւ մենք այս փուլում մեզ դիտարկում ենք որպես դաշնակից: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, նախօրեին ազատ արձակված Գարեգին Չուգասզյանը:
«Գտնում ենք, որ մենք ամեն կերպ պետք է աջակցենք հեղափոխությանը: Էս փուլում մենք մեզ դիտարկում ենք որպես դաշնակից, դա ոչ թե խոսքով, այլ գործով կարող ենք ապացուցել: Դրա համար նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն: Այդ պրոցեսն արդեն սկսվել է, Անդրիաս Ղուկասյանից եւ ինձանից եւ նոր իշխանությունները վստահեցրել են, որ դա շարունակություն է ունենալու»,- ասաց նա:
Գարեգին Չուգասզյանը հայտնեց, որ շարունակում է հացադուլը եւ պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ համաներում հայտարարել: Նա հայտնեց, որ իր այս կոչին ՔԿՀ-ում 40 բանտարկյալ է միացել:
Չուգասզյանի կարծիքով՝ ի վերջո, հնարավորություն է առաջացել փոխելու արդարադատության համակարգը:
«Այս խեղկատակ արդարադատության համակարգին մի քանի հարված պետք է հասցնել, որոնք կարելի է ասել՝ բեսպրեդել որոշումներ են կայացնում»,- ասաց նա:
Նա նշեց, որ Հայաստանում տեղի է ունեցել պատմական իրադարձություն է, որը պատմական եւ կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար. «Եւ մեզանից է կախված լինելու, թե ինչքանով ենք օգտագործելու մեզ համար բացված բացառիկ հնարավորությունները, մենք մոդելային երկիր ենք դառնալու շատերի համար: Եթե մենք ցույց ենք տալիս, թե ինչպես են անցնցում, անարյուն կատարվում փոփոխությունները, ապա դրանք վարակիչ են դառնում»:











