Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները դպորցի բակում բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի հրաժարականը:
Ցույցին մասնակցող ծնողները պնդում էին, որ իրենցից պարբերաբար գումար են հավաքել տարբեր միջոցառումների, թատրոնների համար, անկախ նրանից երեխան գնացել է այդ միջոցառմանը, թե ոչ:
«Մենք ուզում ենք ունենալ այնպիսի դպրոց, որ մեր երեխաներն ունենան լավ կրթություն, ունենանք դպրոց, որ տնօրենն իր կամքը չթելադրի: Բարերարները 20 համակարգիչ են նվիրաբերել դպրոցին, ինչու դրանք չեն ծառայում երեխաների համար»,-ասաց դպրոցի նախկին ուսուցիչներից մեկը:
Քիչ անց շենքից դուրս է եկել դպրոցի տնօրենը եւ առաջարկել ծնողներից խումբ կազմվի եւ բարձրանա վերեւ՝ քննարկելու ցանկացած հարց, սակայն դրսում գտնվողները հրաժարվեցին:
Այդուհանդերձ, ծնողների մի մասը մտավ դպրոցի շենք, որտեղ միջանցքում թեթեւ քաշքաշուկ տեղի ունեցավ ծնողների ու դպրոցի աշխատակիցների միջեւ:
Աշակերտները պարբերաբար վանկարկում են. «Ոսկանյան, հեռացիր»:
Ավելի ուշ գյուղապետ Գոռ Միրզոյանը NEWS.am-ին հայտնեց, որ տնօրենն արդեն հրաժարական է տվել: Նա նշեց, որ բողոքի ակցիան արդեն ավարտվել է:











