Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստին հաշվետվություն է ներկայացվել Հայաստանի եւ Ղրղզստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության փորձի վերաբերյալ: Այս մասին մայիսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ ամփոփելով Եվրասիական տնտեսական միության՝ Սոչիում արձանագրած արդյունքները:

Նրա խոսքով՝ հաշվետվություննները ներկայացվել են երկրների կառավարությունների հետ համատեղ, եւ գնահատականները գերազանցել են բոլոր ակնկալիքները: «Փոխադարձ առեւտրի ցուցանիշները զգալիորեն աճել են, ինչը վկայում է այն մասին, որ ռեժիմները բարենպաստ ազդեցություն են ունեցել տնտեսության, ինչպես նաեւ երկու երկրներից արտահանման ընդհանուր շուկայի վրա եւ խթանել են գյուղատնտեսության զարգացմանը: Այս երկրներում արդյունաբերական աճի ցուցանիշները հույս են ներշնչում»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

Նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՏՀ անդամ երկրների կառավարությունների հետ համատեղ հռչակագիր կազմել ինտեգրացիոն միավորման խորացման մասին, որը քննարկման կներկայացվի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին կայանալիք  խորհրդի հերթական նիստին:

Սարգսյանն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում հարցերի երեք խումբ է քննարկվել. թվային օրակարգ, միջազգային տնտեսական համագործակցություն եւ միասնական շուկայի գործունեության հարցեր:

Նա նաեւ նշել է, որ մի քանի տասնյակ երկրներ շահագրգռված են ԵԱՏՄ-ի հետ տնտեսական հարաբերությունների հաստատմամբ: Կոլեգիան անդամ երկրների առաջնորդներին տեղեկացրել է Չինաստանի եւ Իրանի հետ համաձայնագրի ստորագրման մասին: