Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվողն այգում հատվել է 25-ից ավելի ծառ, հիմնականում լացող ուռենիներ եւ թեղիներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, այգու տարածքում լրագրողներին հայտնեց Բնապահպանական վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը՝ հավելելով, որդրանք փտած ծառեր են եղել:
Նշենք, որ այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում այգու տարածքում: Ցուցարարները պատռել են այգին շրջապատող պաստառները, որպեսզի դրսից երեւա, թե ինչ իրավիճակ է ներսում, որտեղ արդեն ոչ մի ծառ չի մնացել:
«Մեզ հետաքրքիր է, որ դատվեն այս բարբարոսության հեղինակները»,-ասաց ցուցարարներից մեկը:
Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն էլ արձագանքեց. «Այսինքն 10 հոգու պահանջը մեկ մլն մարդու համար պետք է հիմք լինի՞: Մարդը պետք է գործի էությանը ծանոթ լինի, նոր բողոքի»:
Բնապահպանական վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը նշեց, որ հատվել են հիմնականում ուռենիներ եւ թեղի տեսակի ծառեր. «Նրանց տարիքը 50 տարին անցել է, քաղաքային միջավայրում 50 տարուց ավելի թեղիները չեն դիմանում: Սեպտեմբերի 1-ին արդեն այգին պատրաստ կհանձնվի Երեւան քաղաքին: 25 ծառից ավելի է հատվել՝ թեղիներ, լացող ուռենիներ: Համաձայն դենդրո նախագծի են հատվել ծառերը, որի տեղում ավելի բարձրարժեք 30-40 ծառ են տնկելու: Համբերեք մինչեւ սեպտեմբեր»,-ասաց նա՝ հավելելով, որ հին շատրվանները փոխարինվելու են նորերով:
Նա հայտարարեց, որ այդ ծառերը փտած են եղել. «Արտաքինից երեւում է, որ փտած էին, եթե կանաչ սաղարթ կա, դա դեռ չի նշանակում, որ վտանգ չի ներկայացնում: Քամուց կարող են շուռ գալ»,-ասաց Ավետ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ հին ծառերը պահել հնարավոր չէր, միեւնույն է պետք է վերափոխվեր:
Նշենք, որ նախօրեին համացանցում լուսանկարներ էին տարածվել, որում պատկերված է Երևանի 2800-ամյակի այգու շինաշխատանքների հրապարակը: Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավելի քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն:
«Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ, հավանություն է տրվել Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին:
Բացի այգու հիմնանորոգման աշխատանքներից, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել նաև հետագա տարիներին իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը և վերանորոգումը, ինչպես նաև կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը», - ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:


















