Մենաշնորհները վերացել են դեռ Կարեն Կարապետյանի օրոք: Այսօր՝ մայիսի 23-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, որ մաքսակետերում գործարարներին չխոչընդոտելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Հայաստանում բանանն էժանացավ:
«Իմ կարծիքով՝ մենաշնորհները վերացել են Կարեն Կարապետյանի օրոք: Միգուցե տնտեսական զարգացման համար որոշակի լավ քայլեր Կարեն Կարապետյանի օրոք եղել են, վատ է եղել միգուցե: Բայց այն, որ մենաշնորհների սառույցը Կարեն Կարապետյանի օրոք կոտրվեց, ես՝ որպես տնտեսագետ եւ որպես իրավաբան, կարող եմ փաստել»,- ասել է Պողոսյանը:
Հարցին, արդյո՞ք նախկին կառավարության ժամանակ բոլոր ներմուծողներն օրենքի առաջ հավասար էին եւ բոլոր ապրանքներն էին մաքսազերծվում, պատգամավորը պատասխանել է. «Ես ուզում եմ ասել մի փաստ. եթե կան այդպիսիք, որոնք որոշակի գործառույթներ են իրականացրել, որը օրենքին չի համապատասխանում՝ մի ապրանքը մյուսի փոխարեն են մաքսազերծել կամ ընդհանրապես չեն մաքսազերծել, ապա ես ջատագովն եմ, որ այդ բոլոր մարդիկ հայտնվեն վանդակների հետեւում՝ կլինի ընդդիմությունից, թե կլինի իշխանությունից: Ես մի բան գիտեմ, որ պետության բյուջեին կպնել չի կարելի, պետբյուջեն ձեւավորվում է պետության զարգացման համար, իսկ պետության զարգացմանը խոչընդոտել չի կարելի: Իսկ անձինք՝ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական, որոնք խոչընդոտում են պետության զարգացումը, պետք է պատժվեն»:











