Հայ ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվն ի վերջո պետք է կանգ առնի եւ ետ պտտվի:Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ իր էլույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Մեր ամենակարեւոր կոնցեպտուալ խնդիրը, հայեցակարգային խնդիրը, գաղափարական խնդիրը Հայաստանի Հանրապետության, եթե կարելի է ասել, որպես պետության կիրառական նշանակության մասին ձեւակերպումն է: 1991 թվականին, երբ հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը եւ թվում էր, թե ամեն ինչ շատ լավ էր, կարծում եմ՝ մենք թույլ տվեցինք մի կարեւոր հայեցակարգային բացթողում: Մենք հստակ չձեւակերպեցինք, թե ինչի համար է հայ ժողովուրդը հիմնադրում Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն:

Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը Սահմանադրության բոլոր փոփոխությունների արդյունքում որեւէ փոփոխություն չի կրել: Այսինքն, Սահմանադրության նախաբանը մնացել է նույնը, որպես Հայաստանի Հանրապետության հիմնադիր հանդես է գալիս հայ ժողովուրդը, ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ոչ թե Խորհրդային Հայաստանի քաղաքացիները, այլ հայ ժողովուրդը: Հետեւաբար, Հայաստանի Հանրապետության շահառուն հայ ժողովուրդն է, եւ մենք պետք է պատասխանենք մի կարեւոր հարցի՝ ինչի համար է հայ ժողովուրդը ստեղծել Հայաստանի Հանրապետությունը:

Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի կողմից ստեղծվել է հետեւյալ նպատակով. այն է՝ հայության մարդկային, ֆինանսական, մտավոր, գիտական, տնտեսական, հոգեւոր ներուժը կամ նրա զգալի մասը սեփական տարածքում կենտրոնացնելը եւ այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը:

Մենք հենց այս հայեցակարգային հենքի վրա ենք տեսնում Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումը եւ այս հայեցակարգային հենքն է, որ մեզ պետք է առաջնորդի դեպի ազատ եւ երջանիկ Հայաստան:

Կարծում ենք, որ այս գործընթացի միջնաժամկետ արդյունքը պետք է լինի հետեւյալը. հայ ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվն ի վերջո պետք է կանգ առնի եւ ետ պտտվի, ու հայությունն ի վերջո պետք է սկսի մեծ գործընթաց՝ ապահովելու Հայաստանի Հանրապետությունում կենտրոնանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը որպես ինստիտուտ ունենալու եւ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության անվտանգությունն ու բնականոն զարգացումը:

Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի հայ ժողովրդի անվտանգությունն ու բնականոն զարգացումը, հայ ժողովուրդը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ բնականոն զարգացումը: Եվ ուրեմն, մենք շարժվում ենք այդ ճանապարհով, մենք շարժվում ենք դեպի ազատ եւ երջանիկ Հայաստան, եւ մենք համոզված ենք, որ արդեն իսկ կարեւոր անկյունաքարեր ենք դրել այդ շինության կառուցման ճանապարհին:

Մենք համոզված ենք, որ այս գործընթացն անշրջելի է եւ որ այս նպատակի ճանապարհին հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին հաղթել է: Այդ հաղթանակն անշրջելի է եւ այն դառնալու է շարունակական: Շնորհակալ եմ»: