Ես չեմ տեսնում կառավարության կողմից որեւէ քաղաքական հետապնդման ենթարկվող անձ այս պահին Հայաստանում: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում, ճեպազրույցների ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր որոշ հայտարարություններով խախտել է սահմանադրությունը եւ որ Հայաստանում ՀՀԿ-ի նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում:
Նշենք, որ ժամանակին, երբ իրենք նման խնդիրներ են տեսել, օգտվել են դատական համակարգից. «Ոչինչ չի խանգարում Աշոտյանին հավաքել համապատասխան ստորագրություններ եւ դիմել Սահմանադրական դատարան, նա կարող է դիմել նաեւ ՄԻՊ-ին, նաեւ իրավապաշտպան կազմակերպություններին, ասենք Արթուր Սաքունցին, Ավետիք Իշխանյանին եւ այլն»:
Մարուքյանը համոզմունք հայտնեց, որ դրանք քաղաքական հայտարարություններ են, որը ներկայացնում են որպես քաղաքական հետապնդում. «Մենք էլ ժամանակին հայտարարություններ ենք արել, երկրի նախագահը կամ վարչապետը քննադատել են, ասել են՝ էդպես չի, սուտ են ասում: Հիմա մենք հայտարարեինք՝ թե քաղաքական հետապնդո՞ւմ է, թե մեզ ճնշեցի՞ն: Վիգեն Սարգսյանը հայտարարություն է արել, Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին է հայտարարություն արել: Բազմիցս քննադատվել եմ իշխանության կողմից եւ ինքս էլ նշել եմ՝ որ օրը նրանք կլինեն ընդդիմություն, ես առաջինը նրանց կպաշտպանեմ, առաջին քաղաքական հետապնդվողին կպաշտպանեմ։ Ես ինքս պատրաստ եմ նրան օգնել այս հարցում, բայց այս պահին չկա քաղաքական հետապնդում»,-ընդգծեց Մարուքյանը:
Անդրադառնալով Աշոտյանի այն հայտարարությանը, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ստիպում է ուսուցիչնեին ու տնօրեններին դուրս գալ ՀՀԿ-ից, ինչի իրավունքը չունի, Մարուքյանն արձագանքեց. «Խոսքը պարտադրաբար ՀՀԿ վկայական ստացածների մասին է: Մարդիկ կան, որոնք ասում են, որ պարտադրել են իրենց դառնալ ՀՀԿ-ական, հիմա նախարարն էլ կարող է ասել, որ եթե եղել է պարտադրանք, կարող եք հետ հանձնել ձեր անդամատոմսերը: Մենք չենք պարտադրում: Հիմա եթե որեւէ ուսուցիչ հետ չհանձնի ՀՀԿ-ի իր վկայականը, ո՞վ կարող է ասել՝ կուսակցությունից դուրս արի: Ես բացառում եմ նման բան, եթե մեկը փորձի նման բան անել, ես կդատապարտեմ»:











