Կարելի՞ է վստահել ՊԵԿ-ի ստուգումներին, երբ այնտեղ բարձրրաստիճան պաշտոնյաները ներգրավված են եղել կոռուպցիոն խեմաների մեջ: Այս մասին ԱԺ-ում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով ԱԱԾ կողմից՝ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանցավոր կոռուպցիոն սխեմայի բացահայտմանը:

«Պարզ չէ՞, որ դրանք պատվիրված, քաղաքականացված ստուգումներ պետք է լինեին: Ժամանակը չի՞, որ ՊԵԿ գործունեության այս ողջ ընթացքի պաշտոնյաների նկատմամբ հարուցվեն քրեական գործեր»,-հայտարարեց պատգամավորը:

Ի պատասխան Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Չե՞ք կարծում, որ մի քիչ չափազանցված է մի ամբողջ կառույցի նման գնահատական տալ, որտեղ, վստահ եմ, դուք էլ ունեք հարազատներ: Առանձին վերցրած դեպքերով ընդհանրացնել համակարգի գործունեությունը, որոշակի ռիսկեր է պարունակում»:

Սերգեյ Բագրատյանն էլ արձագանքեց, որ պետք է գնահատական տրվի ՊԵԿ-ի գործունեությանը, որ իրավիճակը փոխվի: «Խոշոր գործարարները հատուկ պապկաներով մաքսազերծում էին անում, ֆիքսվում էր կատարված գործարքի 20-30 տոկոսը: Մնացածը գրպանվում էր: Այս պարկտիկան գիտեն հազարավոր գործարարներ: Եթե հիվանդությունը թաքցնենք, այն բորբոքվելու է: Պետք է ախտորոշում լինի եւ բուժում իրականացվի: Գործընթացն անշրջելի դարձնելու համար արատները պետք է հստակ թիրախավորվեն: Եթե ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները կարող են կոռուպցիոն սխեմա ձեւավորել, սա հասկանո՞ւմ եք ինչ  վտանգէ ունի իր մեջ: Շարքային աշխատողները միայն  կատարողներ են եղել, խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների մասին է: Պետք է գնահատական տանք, որ առողջ մտնենք նոր քաղաքականության մեջ»,- նշեց պատգամավորը:

Ֆինանսների նախարարն էլ նկատեց, որ գնահատականներ տալու հարցում չպետք է շտապել, պետք է սպասել իրավապահների աշխատանքի ավարտին: