ԱԺ-ում շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկումը: Նախօրեին ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2017-ի բյուջեի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձեւավորումը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը, ծախսերն ու պակասուրդը, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի հաշվետվությունը ներկայացրեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Այսօրվա օրակարգում է 2017-ի բյուջեի եկամուտների ձեւավորումը, հարկային եւ մաքսային քաղաքականությունը:

Բացի այդ, եկամուտների ու ծախսերի կատարողականների ներկայացմամբ հանդես կգան Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը եւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: