Ինչ տնտեսական աճի մասին էլ մենք խոսում ենք, դա ցանկալի արդյունքի չի բերում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Նա դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ ասաց. «7,5 տոկոս տնտեսական աճի դեպքում ինչո՞ւ այդպես էլ չեն կարողանում թոշակներ ու աշխատավարձեր բարձրացնել: Ինչքան էլ աճ ունենանք, 2000 դրամով թոշակ չենք կարողանում բարձրացնել։ Էդ քանի՞ տոկոս աճ պետք է ունենաք, որ կարողանանք թոշակ բարձրացնել»:
Ի պատասխան Ջանջուղազյանն ասաց, որ 7,5 տոկոսն իրական աճն է, բայց ՀՆԱ-ն աճել է 9,8 տոկոսով. «Հարկը, ինչպես հայտնի է, առաջանում է ՀՆԱ-ից, եւ այդ աճի պայմաններում հարկային եկամուտներն աճել են 10,7%-ով: Դա նշանակում է, որ մենք ունեցել ենք հարկային եկամուտների առաջանցիկ աճ, քան ՀՆԱ-ն է աճել: Հիմա արդյոք հնարավո՞ր էր այս աճը օգտագործել 2017-2018 թվականներին թոշակ, աշխատավարձ բարձրացնելու համար: Հնարավոր չէր, որովհետեւ այս աճը չի վերաբերում հարկեր/ՀՆԱ հարաբերակցության փոփոխությանը: Այսինքն՝ այն մասն է, որ բացատրվում է ոչ թե տնտեսական զարգացումներով, ինչպիսին, օրինակ, պղնձի գների բարձրացումն է եւ այլն, այլ բացատրվում է վարչարարության եւ օրենսդրության փոփոխություններով: Հետեւաբար՝ այս գումարները չեն կարող օգտագործվել որոշակի նոր պարտավորություններ ստանձնելու համար, եւ նպատակադրումը պարտքը կայունացնելն է»:
Ջանջուղազյանի խոսքով, այդ սոցիալական ծախսերի ուղղությամբ հնարավոր կլինի վերանայում անել, եթե լինի հստակ համոզմունք, որ երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճը և դրանից կապված հարկային եկամուտի աճը կայուն են լինելու. «Այն ժամանակ, երբ Ձեր հետ միասին կունենանք համոզմունք, որ մեր գործողությունները հասցրել ենք նրան, որ տնտեսական աճը եւ հարկային եկամուտների հնարավոր աճը կայուն, կասկած չհարուցող վարքագիծ են ունենալու առաջիկա միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածներում»:
Հարցին, թե դա քանի տարի հետո կլինի, ֆինանսների նախարարն արձագանքեց. «Պետք է չառաջնորդվենք որոշակի արկածախնդրությամբ, որովհետև իր մեջ դա էական ռիսկ է պարունակում։ Չհիմնավորված, բայց ականջահաճո հայտարություններով ծրագրեր կազմելն ամենաճիշտ ճանապարհը չէ»:











