Երեւան քաղաքում շրջում են ապօրինի կառուցապատողների ուրվականները։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարել է «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։
Ներկայացնելով երկու ապօրինի կառուցապատման դեպքերով ստացած իրենց ահազանգերը՝ Անի Սամսոնյանը նշեց, որ սա նշանակում է, որ քաղաքապետը չի կարողանում վերահսկողություն իրականացնել կամ էլ այդ ամենաթողությունն իրականացվում է նրա հովանավորությամբ։
Պատասխանելով քաղաքապետի հայտարարություններին, թե կառավարությունը իր վրա ճնշում է գործադրում առանց տեղական ինքնակառավարման մարմնի ապակենտրոնացված իշխանությունը, նա նկատեց, որ տեղական ինքնակառավարման մարմնի անկախության եւ ինքնուրույնության հակամարտը հենց քաղաքապետն է, քանի որ նախորդ իշխանության հայելային արտացոլաքն է։
«Դուք արգելակ եք դարձել համայնքների վարչական կարողությունների զարգացման համար, դուք վարչական ռեսուրսը վերածել եք «Տարոն քաղաքապետ» լոզունգներով կիսատխուր-կիսավախեցած, կիսակաշառված դեմքերով աննպատակ ամբոխի։ դուք արգելակել եք ավագանու ինստիտուտի կայացումը։ դուք երբեք ինքնուրույն որոշում չեք կայացրել, բայց այժմ փոխվել են քաղաքական իրողությունները, եւ դուք դա կարող եք անել, դուք ունեք բացառիկ շանս՝ կայացնելու ձեր ամենահաջողված ու ինքնուրույն որոշումը՝ հեռանալու որոշումը, բաց մի թողեք ձեր առաջին ու վերջին հնարավորությունը, որպեսզի երեւանցիները գոնե մեկ անգամ ձեզ ասեն՝ Տարոն ջան, սիրուն էր»,–եզրափակեց Անի Սամսոնյանը։
Տարոն Մարգարյանն էլ ի պատասխան հավաստիացրեց, որ իրենք տիրապետում են, թե Երեւան քաղաքում ինչ է կատարվում:











