ՊԵԿ-ը «Երեւան սիթի»-ում ստուգումներ չի իրականացնում: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ դիմակավորված անձինք մտել են «Երեւան սիթի»-ի գլխավոր գրասենյակ, առգրավել են համակարգիչները:

«Իմ տեղեկություններով, ԱԱԾ գործողություններն են տվյալ տնտեսվարողի մոտ: ՊԵԿ-ից ոչ ոք այնտեղ չի այցելել»,-ասաց նա ու հավեել. «Եթե ԱԱԾ-ի կողմից ձեռք կբերվեն տեղեկություններ, հետագայում կարձանագրվեն ստուգման ակտերով, ու հետագայում կներկայացվեն վճարման»:

Նշենք, որ մամուլի տեղեկությունների համաձայն, «Երեւան Սիթիի» գլխամասային գրասենյակ են մտել դիմակավորված, համազգեստով անձինք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս տեղեկություն տարածվեց, թե «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: ԱԱԾ հրավիրված գանձապահներից մեկից ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են՝ «Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք»: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նախօրեին լրագրողներին հայտնել էր, որ ՀԴՄ կտրոններ տրամադրելու հետ կապված խնդիրներ կան:

Ավելի ուշ այսօր ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել, նշելով. «Այսօր առավոտյան լուրեր են տպագրել, թե իբր ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները մուտք են գործել «Երևան Սիթի»- գլխավոր գրասենյակ և ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանի առանձնատուն: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերոհիշյալ գործողությունների հետ ՊԵԿ աշխատակիցները որևէ առնչություն չունեն»: