Բեռնափոխադրումների և մաքսազերծման ոլորտում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության մենաշնորհի վերացումից հետո մաքսազերծումն իրականացնում են իրենք՝ տնտեսվարող սուբյեկտները: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տտեղակալ Ռաֆիկ Մաշադյանը։
Նրա խոսքով, այսօր որեւէ տնտեսվարող սուբյեկտ չի կարող բողոքել ՊԵԿ-ից, որ ստիպում են իրենց այդ գործառույթը այլ կազմակերպություն իրականացնի:
«Կարգոները իրականացրել են եւ բեռների տեղափոխման եւ մաքսազերծման աշխատանքներ: Այդ կազմակերպությունները ներկա պահին շարունակում են բեռների փոխադրումը Հայաստան: Մաքսազերծումը թողնված է տնտեսվարող սուբյեկտներին: Դաշտը հիմա ազատ է: Իրավիճակը բարելավվելու է եւ ավելի թափանցիկ է լինելու»,-ընդգծեց ՊԵԿ փոխնախագահը:
Մաշադյանը չպատասխանեց հարցին, թե ինչ կլինի «Նորֆոլկի» հետ, հիմնավորելով նրանով, որ հարուցված է քրեական գործ եւ ընթանում է նախաքննություն: Այդուհանդերձ, նա նշեց, որ նախկինում եղել են քաշով մաքսազերծման դեպքեր, սակայն «Նորֆոլկի» կողմից սկսել են տրամադրվել են քաղվածքներ, որտեղ տվյալները եղել են ոչ թե քաշով, այլ հատերով եւ գնով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մաքսազերծման գործունեություն իրականացնող 9 կարգոների փոխարեն ստեղծվել է մեկ կազմակերպություն՝ «Նորֆոլկ Քոնսալթինգը», որը մենաշնորհային քաղաքականություն է վարվել:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցող եւ մենաշնորհային դիրք զբաղեցնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապված բացահայտումներ էր արել՝ նշելով, որ գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրինական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ») հատկանիշներով, որի շրջանակներում միաժամանակ իրականացվել են 10-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գրասենյակից եւ ընկերության տնօրենի առանձնատնից առգրավվել են շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար գումար, բանկային քարտեր, գործի համար նշանակություն ունեցող բանկային եւ մաքսային փաստաթղթեր:











