Եթե պարզվի, որ Ավան վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները բռնություն են իրականացրել ցուցարարների նկատմամբ, նրանք կպատժվեն: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ավան վարչական շրջանի ղեկավարն Մանվել Ջավադյանը:
«Ընթանում է նախաքննություն եւ նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը: Ես որեւէ խոչընդոտ չեմ տեսնում, որ նախաքննությունը պարզի բոլոր խնդիրները: Ես չեմ պատկերացրել, որ թաղապետարանի աշխատակիցներ են նրանք եղել, դա կպարզի նախաքննությունը եւ, իհարկե, նրանք օրենքի ողջ ուժով պատասխան կտան եւ թաղապետարանում էլ չեն աշխատի»,- ասաց նա:
Մանվել Ջավադյանը պնդեց, որ ինքը տեղյակ չի եղել, որ թաղապետարանի աշխատակիցներն են ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավանում ցուցարարների մեքենան մահակներով ջարդելու մեջ կասկածվում են Ավանի թաղապետարանի աշխատակիցները: Ավանում տեղի ունեցած դեպքերով վեց քրեական գործ է հարուցվել, բայց գործով միայն թաղապետարանի մեկ աշխատակից է կասկածյալ՝ այն էլ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում: Խոսքը՝ Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակից, գլխավոր մասնագետ Արթուր Գասպարյանի մասին է. նա կասկածվում է ապրիլի 22-ին Ավանում «Հանրային ռադիոյի» պրոդյուսեր Վրույր Թադեւոսյանի լրագրողական աշխատանքը խոչընդոտելու մեջ: Այդ օրը ջարդուփշուր էին արել Թադեւոսյանի մեքենան, ձեռքից վերցրել հեռախոսը:











