ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւանի կենտրոնում գործող գրասենյակում քաղաքացու դրամապանակը հափշտակած անձի ինքնությունը:
2018թ. ապրիլի 23-ին հաղորդում է ստացվել առ այն, որ ապրիլի 20-ին՝ ժամը 18:00- 19:20-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող գրասենյակում հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար եւ բանկային քարտեր:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են գրասենյակի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:
Տեսանյութի մեջ երեւում է, թե ինչպես է մի երիտասարդ գրասենյակի սպասարկման սրահի բազմոցի վրայից վերցնում ինչ-որ իր եւ հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:












