Մայիսի 30-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ու ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը խորհրդակցություն անցկացրին ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության պետը խոսեց օրեր առաջ ճանապարհային ոստիկանության ծառայողներին տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին:

Վալերի Օսիպյանը նշեց, որ պետք է արվի ամեն ինչ ճանապարհային ոստիկանի հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ:

«Այսօր ձեզ հնարավորություն է տրված, որ բարձրացնեք ձեր հեղինակությունը: Այո, դուք ապացուցելու խնդիր ունեք հասարակության մեջ: Ձեզնով է պայմանավորված հարգանքը դեպի ոստիկանություն»,-ասաց ոստիկանապետը:

Ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը դիմելով ճանապարհային ոստիկաններին՝ նշեց ծառայության որակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների կարեւորությունը, ծառայողական պարապմունքների պատշաճ անցկացումը, առանձին ոլորտներում՝ ճանապարհային ոստիկանության հետաքննչական, հաշվառման-քննական եւ այլ ստորաբաժանումներում ծառայության բարելավման մասին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ճանապարհային երթեւեկության անվտանգությանը վերաբերող այլ հարցեր եւս: