Եթե նույնիսկ ինչ-որ պատճառով հաջորդ տարվա բյուջեն չընդունվի, կյանքը չի կանգնելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էՖինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Դիտարկմանը, որ իշխանությունները ցանկանում են արտահերթ ընտրություններ անցկացնել աշնանը, իսկ այդ ժամանակ արդեն բյուջեի ընդունման ժամանակն է, եւ հնարավոր է, որ արտահերթ ընտրություններով պայմանավորված հնարավոր չլինի ընդունել 2019-ի բյուջեն, Ջանջուղազյանը պատասխանեց. «Վտանգներ կան, բայց օրենսդրությունը դա կարգավորել է: Եթե նույնիսկ ինչ-որ պատճառով բյուջեն չընդունվի, կյանքը չի կանգնելու: Ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն օրենքով սահմանված կարգով: Բայց ես ուզում եմ հավատալ, որ դա տեղի չունենա: Մենք ամեն բան կանենք, որ բոլոր փաստաթղթերն ընդունվեն:
Օրենքը պահանջում է, որ տարին ավարտվելուց 90 օր առաջ բյուջեի նախագիծը ներկայացնենք, իսկ դա ընկնում է հոկտեմբերի 2-ը: Կարծում եմ՝ մենք կունենանք բյուջե»:











