Մենք անարդյունավետ ծախսեր չենք ունեցել տարիներ շարունակ. Բոլոր ծախսերը ներառված են եղել քաղաքի բյուջեում, որը ներկայացվել է բաց: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ հավելելով, որ բյուջեն եւս անցնում է բաց քննարկում քաղաքապետին կից հասարակական խորհրդում, ի գիտություն ընդունվում ավագանիում:

Հարցին, թե չի՞ անհանգստանում, որ ԱԱԾ-ն կարող է ստուգումներ սկսել նաեւ քաղաքապետարանում, Կամո Արեյանն ասաց. «ԱԱԾ-ի իրավունքն է կատարելու ուսումնասիրություններ, նախապես հանգստանալ կամ անհանգստանալ ինձ համար անտրամաբանական է: Եթե կա փաստ անհանգստանալու, ուրեմն կանհանգստանանք»:

Կամո Արեյանը կարծում է, որ եւ ինքը, եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխանում են բիզնեսով չզբաղվելու, հովանավորչության մեջ չլինելու, ապօրինի հարստացած չլինելու չափանիշներին. «Բոլոր չափանիշները եւ արդարության, եւ թափանցիկության, եւ օրենսդրության պահպանման տեսանկյուններից, դրանք շատ նորմալ, ցանկացած պետության համար ընդունելի պահանջներ են: Ես ինձ միշտ պատկերացրել են, եւ իմ ղեկավար Տարոն Մարգարյանի մոտեցումները շատ հստակորեն գիտեմ, որ այո, եղել ենք, կանք եւ մնալու ենք եւ օրինականության, եւ կոռուպցիայի բացառման շրջանակներում: Այո, ծառայել ենք Հայաստանին մեր ուժերի ներածին չափով: Տարոն Մարգարյանը երկրին ու քաղաքին նվիրված մարդ է»:

Դիտարկմանը, որ քաղաքապետարանի մեկ աշխատակից ցուցարարների նկատմամբ բռնությունների գործով ձերբակալվել է, Կանո Արեյանն ասաց, որ նախաքննության մարմինը կգնահատի հանցանքի իրավականությունը: Նա ասաց, որ տեղյակ չէ, որ քաղաքապետարանի աշխատակիցները մասնակցել են ցուցարարների դեմ հարձակումներին, իսկ ղեկավարությունը նման հրահանգներ չի տվել. «Ինձ համար միշտ եղել են դատապարտելի բռնությունները»:

Անդրաառնալով տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին, փոխքաղաքապետն ասաց, որ մարդիկ միշտ ազատ են եղել արտահայտել իրենց կարծիքը: Նա նշեց, որ այսօրվա ավագանին ձեւավորվել է օրենքով նախատեսված կարգով, ընտրությունների միջոցով: