Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմի» մենաշնորհը։  Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սեփականատիրոջ հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհը վերացնելու մասին։ Այս մասին նա հայտնել է մայիսի 31-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Պետական նախարարը երեք նամակ է նաեւ ստորագրել, որոնք ուղարկվել են ՀՀ-ում գործող երեք օպերատորներին։ Նամակում առաջարկվում է օպերատորներին գործունեություն ծավալել Արցախի կապի եւ հեռահաղորդակցության ոլորտում:

Նրա խոսքով՝ երկար տարիներ հեռահաղորդակցության ոլորտում բացի սակագնից առկա է եղել  նաեւ ծառայության որակի խնդիր ոչ միայն Ստեփանակերտում, այլ նաեւ շրջաններում, ուստի  ընդառաջելով հանրային դժգոհությանը Արցախի իշխանությունները քայլեր են ձեռնարկել այդ խնդրի լուծման ուղղությամբ։

Պետնախարարը հաստատել է, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության եւ Արցախի կառավարության միջեւ 2001 թ․ կնքված պայմանագրով չի նախատեսվում այլ օպերատորի մուտք, եւ միայն ընկերության հետ համաձայնության շնորհիվ է այսօր նոր օպերատորի մուտքը հնարավոր դարձել։ «Ցանկանում եմ նշել, սակայն, որ հավասար պայմաններով նոր օպերատորների հավանական մուտքը եւ մենաշնորհային ռեժիմի դե ֆակտո դադարեցման պատրաստակամությունը հնարավոր է դարձել իմ եւ ընկերության սեփականատիրոջ միջեւ բանակցություններում ձեռք բերված բանավոր համաձայնության միջոցով։ Ապագայում նախատեսվում է նաեւ գրավոր տեսքի բերել այդ համաձայնությունը»,- ասել է պետնախարարը։

Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ ինքը պայմանավորվածություն է ձեռք բերել սեպտեմբերի 1-ից հետվճարային բաժանորդներից գանձվող բաժանորդավճարը նվազեցնել 50 տոկոսով, րոպեավճարը՝ 20 տոկոսով, նույն չափով կնվազի նաեւ ռոումինգ ծառայության վճարը: «Սեփականատերը պարտավորվել է նաեւ մոտ 11 մլն եվրոյի ներդրում կատարել, ինչպես նաեւ համապատասխան միջոցներ ձեռք առնել մինչեւ տարեվերջ 3G ծառայության եւ համացանցի որակի բարելավման ու դրանց սակագների նվազեցման ուղղությամբ: Բացի նշվածից, նաեւ կգործեն տարբեր սակագնային փաթեթներ, որոնց գնային առաջարկները շատ ավելի շահավետ կլինեն բաժանորդների համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը։

Պետնախարարը հավելել է, որ բաժանորդավճարը կնվազի 50 տոկոսով եւ կգործարկվեն  շահավետ փաթեթներ։