Սարդարապատի 100–ամյակի միջոցառումների հյուրերի ցուցակը կազմել է լրիվ այլ տրամաբանությամբ, քան մինչ այդ։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով փաստին, որ այդ միջոցառումներին ՀՀԿ խմբակցությունից միայն 3 մարդ է հրավիրվել եւ ԱԺ նախագահը նրանցից մեկն էր:

Նա ընդգծեց, որ այդ միջոցառումները կազմակերպված են եղել դեռեւս նախորդ կառավարության օրոք. «Ֆինանսավորման մի զգալի հատված արդեն տրամադրված է եղել, իսկ հյուրերի ցանկը կազմված է եղել 90 տոկոսով հանրապետական կուսակցության պատգամավորներով, մերձհանրապետական շրջանակի մարդկանցով, մարզպետներով, այնտեղ ներկայացվածության տրամաբանություն չկար։ Ուստի որոշեցինք, որ այդ տրամաբանությունը պետք է փոխվի եւ այդ օթյակներում ու պարտերներում ոչ այնքան տեղ գտնեն պաշտոնյաներ, որքան հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչներ՝ ապահովելով առավելագույն ներկայացվածություն»,–շեշտեց Էդուարդ Աղաջանյանը։

Հարցին, Բաբլոյա՞նն էր արդյոք խանգարում, Աղաջանյանը հավաստաիցրեց, որ Բաբլոյանը չէր խանգարում, ապա տեղեկացրեց, որ Բաբլոյանը հրավիրվել է որպես ԱԺ նախագահ։

Անդրադառնալով հարցին, թե որտեղ պիտի կանգներ կամ նստեր Բաբլոյանը, նա դժվարացավ պատասխանել, նշելով, որ այդ հարցը արարողակարգի կազմակերպչին պիտի ուղղել, քանի որ դա իրավասություն շրջանակներում չի։

«Փաստացի, Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը եւս այնտեղ ներկա են եղել, եթե խնդիրը քվոտայի մեջ է, այսինքն՝ Արա Բաբլոյանից բացի պետք է եւս 3 պատգամավոր ներկա լինեին, ապա այնտեղ էլ ավելի շատ պատգամավորներ էին ներկա»,–նշեց նա՝ հավելելով, որ օթյակում տեղեր են հատկացվել Մարտի 1-ի զոհերի ծնողներին, հաշմանդամներին, ազատամարտիկներին.

«Մեզ էին մեղադրում բանակի քեֆի տրամաբանության մեջ մտնելու համար, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ հակառակն է՝ նախկինում է այդ տրամաբանությունը գործել, որ կոնկրետ խմբակցություն իր մերձակա շրջապատին է հրավիրել այդ միջոցառումներին։ Կարծում եմ՝ բոլոր նման միջոցառումներին պետք է ներգրավեն հասարակության բոլոր շերտերը»,–եզրափակեց վարչապետի աշխատակազմի ղեկավար։