Մեր առաջնահերթ խնդիրը լինելու է կառավարման նոր մշակույթի ձեւավորումը, բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով առաջնորդվելը եւ կառավարության թիմի, կառավարության ծրագիրը ճշտությաբ մեր մարզերում պրոյեկտելը: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Դիտարկմանը, թե այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ կքննարկի այն համայնքապետերի պաշտոնավարման հարցը, որոնք չեն բավարարի պահանջներին, ինչպե՞ս է ազատվելու ընտրովի համայնքապետերից, մարզպետն արձագանքեց. «Քաղաքական աշխատանք տանելու եւ ժողովրդի հետ աշխատելու արդյունքում: Եթե ժողովուրդը որոշում է, որ որեւէ համայնքապետ չպետք է այլեւս տնօրինի համայնքային ռեսուրսները եւ ներկայացնի իր շահերը, մենք այդ պարագայում անզոր ենք»:
Հարցին, թե ինչպե՞ս է հաղթահարելու Գագիկ Ծառուկյանի ազդեցությունը Կոտայքի մարզում, Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Իմ խնդիրն է մարզում միջին բնակչի վերափոխումը ՀՀ քաղաքացու: Իսկ տեղական ու մարզային իշխանությունների, տարբեր մասշտաբի գործարարների ու գործիչների հարաբերությունները կարգավորվելու են բացառապես օրենքով եւ Սահմանադրությամբ»:
Իսկ հնարավո՞ր է ձեր հորդորով մարդիկ մերժեն համայնքապետերին, հարցին էլ արձագանքեց. «Չեմ կարող պատասխանել, թող քաղաքացիները որոշեն»:
Նշենք, որ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետ է նշանակվել այսօր: Մինչ այդ այդ պաշտոնը զբաղեցնում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը:











