Կուբայում այս շաբաթ մերձարեւադարձային «Ալբերտո» փոթորկի հետեւանքով տեղի ունեցած հեղեղումների պատճառով 7 մարդ մահացել է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Կուբայի քաղաքացիական պաշտպանության գլխավոր շտաբին:
Երկու մարդ անհետ կորած է համարվում: Ավելի վաղ հաղորդվել էր չորս մահացածների մասին:
«Ալբերտո», փոթորիկը, որը մի քանի օր մոլեգնում էր Մեքսիկական ծոցում, իր հետ Կուբա հորդառատ անձրեւներ բերեց:
Առատ տեղումների պատճառով գետերում եւ ջրամբարներում ջրի մակարդակը կտրուկ բարձրացավ: Մոտ 20 հազար մարդ տարհանվել է:
Տարերքի պատճառով վնասվել են էլեկտրական ցանցերը, առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 40 հազար տուն: Լուրջ վնաս է հասցվել գյուղատնտեսությանը. տուժել են բանանի, լոբու, բրնձի եւ ծխախոտի պլանտացիաները:
Հավանայից մոտ 250 կմ հարավ-արեւելք գտնվող Սյենֆուեգոս քաղաքում նավթավերամշակման գործարանում ջրհեղեղի հետեւանքով նավթի արտահոսք էր տեղի ունեցել: Թափոնների մաքրման համակարգը մասնակի շարքից դուրս էր եկել, ինչի արդյունքում նավթ պարունակվող մոտ 12 հազար խորանարդ մետր ջուրը լցվել էր Սյենֆուեգոսի ծոց: Ներկայումս մասնագետները զբաղվում են արտակարգ իրավիճակի հետեւանքների վերացմամբ:











