Ես երազում եմ այցելել Ալթայ, լաստանավով լողալ սիբիրյան հզոր գետերի վրայով: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ես երազում եմ լինել Ալթայում. ես այնտեղ չեմ եղել: Եվ, հավանաբար, վերցնել որդիներիս, լաստանավով լողալ սիբիրյան հզոր գետերի վրայով»,- ասել է ՀՀ նախագահը:

Նա հավելել է, որ եղել է Ռուսաստանի մի շարք մարզերում, սակայն Ալթայում չի եղել: Արմեն Սարգսյանը նաեւ պատմել է, որ նախկինում՝  շատ տարիներ առաջ, նա աստղաֆիզիկոս էր եւ երազում էր տիեզերք թռչել: «Այդպիսի մեծ երազանք կար` դրսից նայել աստղերին: Հավանաբար, այն ի կատար չի ածվի: Իսկ տիեզերք մի ճանապարհ է տանում՝ Բայկոնուրով»,- նշել է Սարգսյանը: