Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր՝ հունիսի 4-ին, դատավոր Դավիթ Բալայանը պետք է հրապարակեր ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան մեջ մեղադրվող մանկաբարձ-գինեկոլոգ, ամբաստանյալներ Շուշանիկ Բախշյանի և բժշկուհի Անի Բաբելյանի դատավճիռը, սակայն դատարանը որոշեց վերսկսել դատաքննությունը, քանի որ կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն կա։
Դատավորը մի քանի օր ժամանակ տվեց կողմերին, որ ներկայացնեն, թե որ փորձագիտական կենտրոնում են ցանկանում իրականացնել փորձաքննությունը: Կողմերը պետք է նաեւ շարադրեն այն հարցերը, որոնց պատասխանները կցանկանային տային փորձագետները: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 13-ին:
Հիշեցնենք, որ մեղադրող Արա Մնացականյանը պահանջել է Շուշանիկ Բախշյանին դատապարտել 3.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 3 տարի ժամկետով, իսկ Անի Բաբելյանին՝ 2.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 2,5 տարի ժամկետով: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը միջնորդել է Շուշանիկ Բախշյանին եւ Անի Բաբելյանին դատապարտել առավելագույն պատժի: Պաշտպանական կողմը պահանջում է արդարացնել երկու բժշկուհիներին:











