Մայիսի 27-ի գիշերը ոստիկանության Աշտարակի բաժնում հիվանդանոցային երկու ահազանգ հնչեց։ Նախ «Աշտարակ» բժշկական կենտրոն հայտնեցին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 3 տղամարդ, որոնք Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչներ են։
59-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել էր գլխի սալջարդ ու պատռված վերք, մյուս երկուսի վիրավորումները հրազենային էին։ Անհետաձգելի բուժօգնությունից հետո հրազենային վնասվածքներ ստացած 34-ամյա եւ 33–ամյա տղամարդիկ տեղափոխվել են Երեւան՝ «Աստղիկ» ԲԿ։
Այս ահազանգին հաջորդեց եւս մեկը՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Կարբիի մի բնակիչ, 29-ամյա տղամարդուն դանակահարել էին։
Պարզվել է, որ տղամարդիկ հիվանդանոց էին տեղափոխվել Կարբի գյուղի կենտրոնական հատվածից, որտեղ հավաքվել էին կենցաղային հարցեր պարզելու համար։ Նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ էլ մասնակիցներից մեկը դանակահարվել է, երկուսն էլ հրազենային վիրավորումներ են ստացել, քրեական հետախույզների տվյալներով, մեքենայի սրահից «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակոցներ է արձակել Արմեն Դավթյանը։
Մայիսի 28-ին Արմեն Դավթյանը ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին։ 40-ամյա Դավթյանը որպես կասկածյալ ձերբակալվել է։ Նա ոստիկաններին է ներկայացրել «Կալաշնիկով»–ը։ Արմեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել եւ դատարանի որոշմամբ կալանավորվել է ՔԿՀ։ Քննությունը շարունակվում է։











