ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանն այսօր Երեւանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ։ Աննա Հակոբյանին հարցեր են ուղղվել ինչպես մասնագիտական՝ լրագրության ոլորտից, այնպես էլ առաջին տիկնոջ կարգավիճակում անելիքներից։ Նա հայտարարել է, որ ստիպված է թողնել մասնագիտական գործունեությունը, քանի որ «Հայկական ժամանակ» թերթի խմբագրի աշխատանքային պարտականությունների հետ անհամատեղելի է։ Ուսանողները հետաքրքրվել են նաեւ ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի կյանքում իր հնարավոր դերակատարումից, ինչին ի պատասխան ասել է. «Ամուսնուս քաղաքական որոշումների վրա բացարձակ չեմ ազդում»։
Հայաստանում մամուլի ազատության թեման չեն շրջանցել ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները։ Աննա Հակոբյանը որպես «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր եւ երկարամյա լրագրող հույս է հայտնել, որ հեղափոխության առաջին օգուտը կքաղեն լրագրողները, ինչն արդեն իսկ նկատելի է։ Նախկին իշխանության ձեռագիրը նահանջել է, ավելին՝ մինչ հեղափոխությունը նախկին իշխանության կողմից վերահսկվող լրատվամիջոցները շփոթված են ինքնուրույն որոշումներ կայացնելու ազատության հնարավորությունից։ «Նախորդ իշխանության կողմից այնպիսի քաղաքականություն էր որդեգրվել, որ մամուլն ավելի ազատ էր երեւում առերեւույթ, բռնություններ չէին իրականացվում, բայց լրագրողների հանդեպ ճնշումը տեղի էր ունենում ավելի փափուկ եւ զարտուղի մեթոդներով, ինչն ավելի մտահոգիչ էր։ Նոր կառավարության աշխատանքի պայմաններում մեծ հույսեր ունեմ, որ հեղափոխությունից առաջին օգուտը կքաղեն լրատվամիջոցները։ Ես տեղյակ եմ, որ այն լրատվամիջոցները, որոնք չեն աշխատել ազատ ու ինքնուրույն, խոսքն առավելապես հեռուստատեսությունների մասին է, վերջին մեկ ամսվա ընթացքում հաճելիորեն զարմացել են ազատությունից եւ չգիտեն՝ ոնց սեփական որոշումներ կայացնեն։ Այս առումով ազատությունն արդեն տեսանելի է, բայց պետք է մարսվի լրատվամիջոցների կողմից եւ իր արդյունքները տա»,–հայտարարել է Աննա Հակոբյանը։











