Ապրիլի 26-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ կենտրոն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Հրազդանի կիրճում դիակ կա։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է Նոր Խարբերդի բնակիչ 29-ամյա Արտյոմ Հովհաննիսյանի դին։ Հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների ընթացքում պարզել են, որ ապրիլի 25-ին ժամը 15-ի սահմաններում Հովհաննիսյանը հանդիպել է ընկերների՝ գյումրեցի 27-ամյա Ռուբեն Շուխյանի եւ Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող 29-ամյա Վարազդատ Մելքոնյանի հետ։ Մայիսի 24-ին Շուխյանն ու Մելքոնյանը հայտնաբերվեցին եւ բերման ենթարկվեցին ոստիկանության Մաշտոցի բաժին, տվեցին ինքնախոստովական ցուցմունք, պատմեցին, որ Հովհաննիսյանի վարած «Օպել»–ում օգտագործել են նախապես ձեռք բերված «սփայս» տեսակի թմրամիջոց, Հովհաննիսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Ցանկացել են օգնել, բայց իրենք էլ ի վիճակի չեն եղել։
Հովհաննիսյանը անկանոն շարժումներ է արել, գլուխը հարվածելկ մեքենայի տարբեր հատվածների ու մահացել։ Շուխյանն ու Մելքոնյանը դիակը մեքենայով տեղափոխել են Հրազդանի կիրճ ու հեռացել։ Քննությունը շարունակվում է։











