ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը կհարցաքննվի ԱԱԾ բացահայտած խոշոր հարկերից խուսափելու սխեմայի գործով: Այսօր լրագրողների հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նշել է, որ նման անհրաժեշտություն է առաջացել, քանի որ Մաշադյանը հայտարարել է, թե գործարարների կողմից 20 տոկոս ԱԱՀ-ի փոխարեն 2 տոկոս շրջանառության հարկ վճարելը եղել է պայմանավորվածությունների արդյունք, այն էլ մինչեւ նախկին վարչապետի մակարդակով:

Մինչեւ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ստուգումներ  իրականացնել տարբեր գերատեսչություններում, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը շտապում է հայտարարել, որ իրենց համակարգում կոռուպցիա չկա:

Երրորդ օրն է Ստեփանակերտում չեն դադարում բողոքի ակցիաները։ Հավաքվածները պահանջում են  ուժային կառույցների ղեկավարների՝  ոստիկանապետ Կամո Աղաջանյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղահրամյանի, հատուկջոկատայինների ղեկավար Աշոտ Գրիգորյանի եւ ԱԱԾ տնօրենի տեղակալ Գագիկ Սարգսյանի հրաժարականը։

Հայաստանի նոր կառավարության հետ դրական միջավայրում ընթանում են բանակցություններ վիզաների ազատականացման շուրջ։  Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Դեսպանն ընդգծել է՝ սա իրենց երկխոսության առանցքային հարցերից մեկն է:

Նախօրեին Սուրենավանի շրջանում ձերբակալվել է Հայաստանի պետական սահմանը հատած երկու անձ: Օրենքով սահմանած կարգով ռուս սահմանապահները նրանց հանձնել են Հայաստանի իրավապահ մարմիններին։ Միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար իրականացվում  են անհրաժեշտ միջոցառումներ:

Թբիլիսիում հինգերորդ օրն է`  չեն դադարում բողոքի ակցիաները: Ցույցերի առաջնորդ Զազա Սարալիձեն եւ Մալխազ Մաչալիկաշվիլին փաստաբանի ուղեկցությամբ հանդիպել են վարչապետի հետ: Նա խոստացել է անձամբ ուսումնասիրել գործը։ Հունիսի 6–ին էլ կկայանա խորհրդարանի արտահերթ նիստը, որտեղ կքննարկվի այդ գործով ձեւավորվելիք ժամանակավոր քնչական հանձնաժողով ստեղծելու հարցը։

Դոլարն ու եվրոն թանկացել են:  Դոլարի փոխարժեքը կազմել է 482.90 դրամ, եվրոն՝ 566.49 դրամ, բրիտանական ֆունտը՝ 646.60 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.80 դրամ:

Հայաստանի մարզերի մեծ մասում հունիսի 5–ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Որոշ վայրերում սպասվում է կարկուտ: Երևանում ժամանակ առ ժամանակ կլինի անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +15 +17, վաղը կեսօրին՝ +27 +29: