Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը չի պատրաստվում լքել խմբակցությունը, ինչպես Սամվել Ալեքսանյանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում վստահեցրել է Նահապետյանը։
Նշենք, որ Կորյուն Նահապետյանը խորհրդարանական նտրություններում ստացել է 1046 քվե, սակայն Ալեքսանյանի ստացած ձայների արդյունքում դարձել է պատգամավոր։
Հիշեցնենք, որ Հանրապետական խմբակցությունն արդեն լքել է 6 պատգամավոր, որոնց թվում են գործարարներ Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը (Սասի Արտակ), Արման Սահակյանը։ Առաջիկայում խմբակցությունից կհեռանան նաեւ մյուս գործարարները։
«Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում իր քաղաքական ծրագիրը՝ ելնելով իր առաջնահերթություններից, Հանրապետական կուսակցությունն ունի իր մոտեցումները, որոնք ներկայացվել է վերջին շրջանում առանձին պատգամավորների խմբակցությունից դուրս գալու կապացությամբ։ Չեմ կարող մեկնաբանել Սամվել Ալեքսանյանի մասով, իսկ իմ մասով կիմանաք, երբ այդպիսի հայտարարությամբ հանդես գամ»,–ասել է Կորյուն Նահապետյանը՝ հավելելով, որ Ալեքսանյանի օրինակին հետեւելու մտադրություն չունի։
«Ես չեմ հետեւելու, որովհետեւ ես ՀՀԿ կազմում բավականին պատասխանаտու գործունեություն եմ իրականացնում։ Ղեկավարում եմ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը, ներկայացնում եմ խմբակցության քաղաքական վեկտորը եւ շարունակելու եմ պաշտպանել այն մոտեցումները, որ պաշտպանում է կուսակցությունը»,–նշել է պատգամավորը։
Հարցին՝ ՀՀԿ–ից գործարարների շուտափույթ արտահոսքը արդյոք չի վկայում այն մասին, որ նրանք ՀՀԿ–ին անդամագրվել են բացառապես սեփական բիզնեսը զարգացնելու, «տանիք» ունենալու նպատակով, պատասխանեց. «Յուրաքանչյուր քաղաքական խմբակցության, կուսակցության կազմում կան տարբեր շերտեր եւ միայն ՀՀԿ կազմում չէ, որ ներկայացված է այդպիսի գործարար հատված։ Կան անձինք, ովքեր գործարար աշխարհի հետ որոշակի առնչություն ունեն։ ՀՀԿ–ն ունի իր գաղափարախոսությունը, ռազմավարությունը եւ մարտավարությունը եւ դրանով էլ առաջնորդվել է»։











