Մենք նոր Հայաստան ենք կառուցում, գիծ ենք քաշել, բայց գիտենք, որ բազմաթիվ մարդիկ հին խաղի կանոններով, զանազան սխեմաների մեջ են ընդգրկված եղել: Այս մասին, այսօր՝ հունվարի 7-ին, Հայ-բրիտանական բիզնես ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Անդրադառնալով նրան, որ գործարար մի քանի պատգամավորներ դուրս են եկել ՀՀԿ խմբակցություններից, Արարատ Միրզոյանն ասաց. «Մենք հայտարարել ենք, որ բիզնեսն այսուհետ ստիպված չի ստվերային տնտեսություն վարել, ստիպված չի քեյսերով, դիպլոմատներով կամ ինչ-որ հաշիվների ապօրինի փոխանցումներ կատարել: Բիզնեսը պետք է օրինական գործի եւ վճարի հարկերը»:
Նրա խոսքով, նոր խաղի կանոնների պարագայում բիզնեսմեններն այլեւս ստիպված չեն ինչ-որ քաղաքական կապերով կապված լինեն. «Մեր պայմանավորվածությունն էլ իրենց հետ հստակ են: Դա այն է, որ դուք բիզնես եք անում եւ վճարում հասանելիք հարկերը: Իսկ պատգամավորները, որոնք ՀՀԿ խմբակցությունից դուրս են գալիս, ես մեծ հույս ունեմ, որ այդ որոշումների մեջ մեծ դեր է խաղում պետության մասին մտածելը եւ նոր կառավարությանը շանս տալու, աջակցություն ցուցաբերելու մղումը»:











