Գիտակցումը, որ Երրորդ աշխարհամարտը կարող է այսօրվա քաղաքակրթության վերջը դառնալ, պետք է մեզ հետ պահի ծայրահեղ եւ չափազանց վտանգավոր գործողություններից միջազգային ասպարեզում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին հարցին:

Պուտինը մեջբերել է ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի խոսքերը. «Չգիտեմ, թե ինչպես կընթանա Երրորդ համաշխարհային պատերազմը, սակայն գիտեմ, որ չորրորդը կընթանա ձողերով եւ քարերով»:

Նրա խոսքերով, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գլոբալ հակամարտություններ չեն եղել, քանի որ առաջատար ռազմական ուժերի միջեւ ռազմավարական հավասարություն էր ձեւավորվել: «Փոխադարձ կործանման վախը միշտ էլ հետ է պահել տերություններին կտրուկ շարժումներից եւ ստիպել է հարգել միմյանց», - ասել է Պուտինը: «Ահա ԱՄՆ-ի դուրս գալը հակահրթիռային պայմանագրից. դա այդ ռազմավարական հավասարությունը կոտրելու փորձ է: Բայց մենք չենք պատասխանում: Մեր կողմից մշակված սպառազինության համակարգը, իհարկե, այդ հավասարությունը կպահպանի»,- ասել է նա: