Զինված խմբի գործով ամբաստանյալների աջակիցներն այսօր՝ հունիսի 8-ին փակել էին Տիգրան Մեծ պողոտան՝ պահանջելով փոխել խմբի անդամների խափանման միջոցն ու ազատ արձակել նրանց։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե ցուցարարներին հաջողվել է մի քանի րոպեով արգելափակել երթեւեկությունը, սակայն կարճ ժամանակ անց նրանք վերադարձել են Երեւանի դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց՝ շարունակելու բողոքի ակցիան։
Այս պահին ցուցարարները հրաժարվում են ճանապարհ տալ դատարանից դուրս եկող մեքենաներին, նշում, որ ցանկանում են տեսնել զինված խմբի անդամներին։
Նշենք, որ պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանը եւ Ալիկ Սարգսյանը անձնական երաշխավորություն էին ներկայացրել գործով ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանի համար։ Դատախազի հայտարարությունից հետո, որ նրանց անձնական ներկայությունն է անհրաժեշտ, Ալիկ Սարգսյանը ժամանեց դատական նիստերի դահլիճ։
Իսկ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը անհրաժեշտ գումարը վճարել է, սակայն անձամբ չի ներկայացել: Դատավոր Արմեն Բեկթաշյանն նշել է, որ անհրաժեշտ է Ցոլակյանի անձնական ներկայությունը: Դատական նիստը հետաձգվել է մեկ շաբաթով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Զինված խմբի գործով ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել դատարանին։
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: Ավելի ուշ մեղադրանքներ առաջադրվեցին երկու տասնյակ անձանց:













