Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ակցիաներն ի աջակցություն Զազա Սարալիձեի, ով բողոքարկել էր իր 16-ամյա որդու սպանության գործով հետաքննությունը, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն: Այս պահին երթեւեկությունը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայով արդեն սահմանափակվել է: Պողոտայի վրա գտնվող խորհրդարանի շենքի հրապարակը եւ դրա հարակից տարածքը լի է մարդկանցով:

Այսօրվա հանրահավաքի մասնակիցների հիմնական պահանջը կլինի «արդարության վերականգնումը»: Ավելի վաղ Սարալիձեն կոչ էր արել միանալ այն բոլոր մարդկանց, ով գործ է ունեցել «պետական կառույցների անարդարության հետ»:

Սարալիձեի գլխավոր պահանջներից մեկը նախկին դատախազ Միրզա Սուբելիանիի ձերբակալումն էր: Սարալիձեն նրան մեղադրել է հանցագործության կոծկման եւ գործը կեղծելու համար: Ներքին գործերի նախարարությունը նախօրեին ձերբակալել է Սուբելիանիին՝ հանցանքի մասին չհաղորդելու մեղադրանքով: Սպանված պատանու հայրը ողջունել է ներքին գործերի նախարարության այս քայլը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ պետք է ձերբակալվեն նաեւ քրեական գործը քննող դատախազները: Բացի այդ, Սարալիձեն նշել է, որ իր որդու մարդասպանները դեռ ազատության մեջ են: