Վեց ամիս առաջ Թբիլիսիում սպանված 16-ամյա աշակերտի հայրը՝ Զազա Սարալիձեն, պահանջում է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի եւ արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի հրաժարականը: Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ընթացող լայնամասշտաբ բողոքի ակցիայի ժամանկ Սարալիձեն նոր պահանջներ է հնչեցրել երկրի իշխանությունների նկատմամբ:

Սարալիձեն կարծում է, որ վերջին շաբաթվա ընթացքում իշխանությունները կոնկրետ քայլեր չեն ձեռնարկել գործի վերաքննության հետ կապված: Բացատրելով Գախարիայի հրաժարականի վերաբերյալ իր պահանջը՝ Սարալիձեն հայտարարել է, որ իր որդու սպանության գործը «հենց սկզբից կեղծվել է» ՆԳՆ-ի կողմից:

«Արդյունքում ես ստիպված էի ձեր օգնությամբ դուրս գալ փողոց: Գործը կրկին վերադարձվել է գերատեսչությանը: Ես չեմ վստահում Գախարիայի գերատեսչությանը, սակայն քայլ արեցի՝ մինչեւ հունիսի 10-ը ժամանակ տվեցի նրանց կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար: Կոնկրետ քայլեր ձեռնարկելու փոխարեն նրանք կրկին սկսեցին թքել իմ երեխայի հոգու մեջ»,- ասել է Սարալիձեն:

Ընթացակարգի համաձայն՝  նոր գլխավոր դատախազի թեկնածությունը պետք է ներկայացնի արդարադատության նախարարը: Սարալիձեն հայտարարել է, որ չի վստահում Թեա Ցուլուկիանիին: Նրա կարծիքով՝ գլխավոր դատախազին պետք է ընտրի ժողովուրդը, իսկ Ցուլուկիանին պետք է հեռանա:

«Ո՞վ հեռացրեց Շոթաձեին: Ո՞վ է ուզում բերել նոր Շոթաձեի: Ցուլուկիանին, ով հիացած երգերով ճանապարհում էր Շոթաձեին: Ես նրան չեմ վստահում, թող հրաժարական տա նաեւ Ցուլուկիանին: Թող ժողովուրդը որոշի՝ ում ընտրել գլխավոր դատախազի պաշտոնում»,- եզրափակել է նա: