Հայաստանի կառավարությունը վարչապետի առաջարկությամբ ընտրեց պարտադիր կուտակային բաղադրիչի մի տարբերակ, որն այս պահին մեղմացնում է քաղաքացիների եկամուտների բեռնվածությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ համակարգի վերանայման, համակարգի չեղարկման կամ փոփոխությունների ենթարկելու հարցն օրակարգում է եւ ուսումնասիրության կարիք ունի:

«Այս փոփոխությամբ մենք մեղմում ենք վճարման բեռը թե՛ համակարգի այժմյան 200 հազարի, թե՛ առաջիկա 80 հազարի համար՝ միաժամանակ օրագակարգում պահելով հարցը՝ արդյո՞ք պարտադիր կուտակային բաղադրիչը հակասահմանադրական է, թե՝ ոչ»,- շեշտեց նախարարը։

Հարցին՝ իր համար կասկածելի՞ է պարտադիր կուտակային բաղադրիչի հակասահմանադրականությունը, նախարարը պատասխանեց. «Իմ՝ որպես Արծվիկ Մինասյանի համար՝ ոչ։ Բայց որպես կառավարությունում Դաշնակցության ներկայացուցիչ խոսում եմ նաեւ մեր 12 տարվա պայքարի մասին: Մենք համոզված ենք, որ պարտադիր կուտակային համակարգն այս ձեւով չի համապատասխանում մեր քաղաքացիների ու պետության շահերին»։

Խոսելով պարտադիր կուտակային համակարգի չեղարկման հնարավորության մասին՝ Մինասյանը հրաժարվեց եզրահանգումներ անել: «Վերլուծությունը ցույց կտա։ Մի բանում համոզված եմ. աշխատելու ենք քրտնաջան, որ վեր հանենք բոլոր բացերը»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Նախարարի համոզմամբ՝ այս կառավարությունը, ի տարբերություն նախորդ կառավարությունների, ունի շանս եւ չի թաքցնում, որ պետք է մանրամասն ուսումնասիրել համակարգը:

«Քանի դեռ այս կառավարությունը բաց, հրապարակային եւ հարցերը շեշտադրելով աշխատում է, մենք շարունակելու ենք աշխատել այդ կառավարությունում»,- եզրափակեց Մինասյանը: