Դանիել Իոաննիսյանի վարքագիծը ինքնահաստատման տպավորություն է թողնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։
«Գիտության պետական կոմիտեի աշխատելաոճին, որդեգրած սկզբունքներին մարդիկ կարող են դեմ կամ կողմ լինել, բայց երբ հարցը հասնում է անձնական վիրավորանքներին, եւ դա սկսում է պարբերաբար բնույթ կրել, դա այլ խնդիր է։ Դատի տալն ինքնանպատակ չի եղել, ես առանձնապես ոգեւորված չեմ ինչ–որ մեկին դատի տալ ինչ–որ բան ապացուցելու համար։ Ի դեպ, Իոաննիսյանի վարքագիծը իմ մոտ այն տպավորությունն է թողում, որ սա ինքնահաստատման տարբերակ է իմ միջոցով, որովհետեւ Իոաննիսյանը առանձնապես հետաքրքրություն չի ներկայացնում ինձ համար։ Դատի տալու պատճառը այն էր, որ արդեն սկսեցին անձնական վիրավորանքներ հնչել»,–հայտնել է նա։
Սամվել Հարությունյանը համոզված է՝ երբ անձնապես վիրավորում են մարդուն, ասում են, որ գործուղումներից, միջազգային գրանտներից «ատկատներ» է վերցնում, դրա համար պետք է պատասխան տան. «Նա չի կարող ապացուցել, որովհետեւ նման բան չի եղել։ Գիտնականների անունից հանդես գալու իրավունք էլ չունի, քանի որ գիտության հետ ոչ մի կապ չունի։ Նա նույն կերպ կարող էր հանդես գալ որսորդների, ձկնորոսների անունից»։
Նա նշեց, որ չի կարելի մարդուն անձնապես վիրավորել։ «Դա անթույլատրելի է, սա 37 թիվը չէ։ Նախկին ռեժիմի ժամանակ աշխատածները պարտադիր չէ, որ հանցագործ լինեն։ Սա «շարիկովների» ժամանակաշրջանն է ինձ հիշեցնում»,–նկատում է Գիտության պետական կոմիտեի նախագահը։
Սամվել Հարությունյանը նշում է՝ հեղափոխությունը շատ կարեւոր նշանակություն ունի մեզ համար, «անցյալում սխալներ են թույլ տրվել, բայց պետք է դրանցից դասեր քաղել եւ ուղղել դրանք»։
Գիտության պետական կոմիտեի նախագահը կարծում է, որ անհեթեթություն է հայտարարելը, թե ինքը խանգարել է Դանիել Իոննիսյանին գիտությամբ զբաղվել. «Պնդում է, որ ես խանգարել եմ իրեն տեսական ֆիզիկայով զբաղվել։ Տեսական ֆիզիկայով զբաղվելու համար պետք է մատիտ, գրիչ, ինտերնետ կապ, բավարար չափով ուղեղի ծալքեր եւ ցանկություն։ Մատիտը, գրիչը, ինտերնետ կապը խնդիր չի, նշանակում է կամ ուղեղի ծալքերն են պակաս կամ ցանկություն չի ունեցել։ Ես որեւէ կերպ չէի կարող խանգարել նրան»։
Նա չի բացառում, որ չարախոսությունների պատճառը ֆիզիկայի ֆակուլտետում նրա ընտանիքի հետ կապված անձնական խնդիրներ են եղել։ «
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հայց է ներկայացրել իր դեմ՝ պնդելով, որ Դանիել Իոաննիսյանը իրեն զրպարտել է եւ պահանջում է 2 միլիոն դրամ փոխհատուցում:











