Ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք տիրապետում է ողջ իրավիճակին։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով այն մեկնաբանությանը, որ բարձրաստիճան պաշտոնյաները երկրից դուրս են գալիս այն դեպքում, երբ նրանց նկատմամբ քրեական հետախուզում է հայտարարվել, ինչպես օրինակ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի պարագայում, ում նկատմամբ «Մարտի 1»-ի գործով արդեն հետախուզում է հայտարարվել:
ԱԱԾ տնօրենը շեշտեց՝ Միքայել Հարությունյանը դուրս է եկել երկրից այն ժամանակ, երբ դեռ քրեական հետապնդում սկսված չէր։ «ԱԱԾ-ն լիարժեք տիրապետում է ողջ իրավիճակին»,–հավաստիացրեց նա։
Նշենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ Մարտի 1-ի գործի շրջանակում հետախուզում է հայտարարվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ։
Ըստ ՀՔԾ-ի՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը եւ պաշտոնատար այլ անձինք խախտել են 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ինչպես նաեւ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ միայն Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ նախագահը հայտարարել ռազմական դրություն, եւ միայն ռազմական դրության հայտարարումից հետո կարող է որոշում ընդունվել զինված ուժերի օգտագործման մասին:
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը եւ մյուս պաշտոնատար անձինք ՀՀ Սահմանադրության խախտմամբ Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ։











